ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ օգոստոսի 18-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 07։40-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի տներից մեկում կնոջ դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրուհու՝ 71-ամյա Սվետլանա Ավագյանի դին։
Загружается новость ... "Лево"
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետք։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ տղամարդու դի կա։
Կայքի տեղեկություններով՝ պարզվել է՝ կամրջի տակ հայտնաբերվածը Նոր Գեղիի բնակիչ՝ 73-ամյա Սամվել Ալեքսանյանն է, ով սպանվածի ամուսինն էր։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ամուսինը կնոջը սպանել, ապա կամրջից ցած է նետվել։
Երկու դեպքերի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-