ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ այսօր վրաերթի ենթարկված հղի կինը մահացել է, պտղին նույնպես չի հաջողվել փրկել:
Այս մասին հայտնել է «Նաիրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին, հաղորդում է «Արմենպրեսը»:
«Իրեն բերել էին արդեն մահացած, իրեն բերել էին սրտի կանգով, շնչառության կանգով: Մենք ուղղակի անմիջապես սկսել ենք ռեանիմացիոն գործողությունները՝ սիրտ-թոքային վերակենդանացումը, որը տևել է մեկուկես ժամ: Դրա հետ մեկտեղ ստուգել ենք պտղի ողջ լինելը, քանի որ կինը հղի էր: Պտղի բաբախը բացակայում էր, դա նշանակում է՝ պտուղն էլ էր մահացած: Եվ մեկուկես ժամ անց դադարեցրել ենք գործողությունները ապարդյուն լինելու պատճառով», - պարզաբանել է բժիշկը:
Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։ Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։ Վրաերթի ենթարկված կինը տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն։
ԶԼՄ-ները
գրում են, որ կինը տեղում մահացել է:
Նա հղի էր, իսկ ոստիկանության մեքենան եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունից:-0-