Կադրեր Երևանում գրանցված ողբերգական ավտովթարի վայրից (ՎԻԴԵՈ)
16:07
17 Մայիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում՝ Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտա և Մ.Խորենացի փողոցի խաչմերուկում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:
Նախնական տվյալներով՝ 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 06:40-ի սահմաններում, 1998թ. ծնված տղամարդը «BMV-750» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ վայրում դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընդհարվել սյանը, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–