ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին ոստիկանության Էրեբունու բաժնի գործընկերների հետ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Սեպտեմբերի 12-ին մայրաքաղաքի «Ռոսիա» առևտրի կենտրոնի մոտ, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեցին և Էրեբունու բաժին տեղափոխվեցին երևանցի 29 և 27 տարեկան երկու տղամարդիկ: Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվեց «Լիրիկա» տեսակի՝ չորս, մյուսի մոտ` ութ հաբ:
Հաջորդ օրը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում փաստի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին: Պարզվեց, որ երևանցի տղամարդկանց հոգեմետ հաբերն իր դեղատնից իրացրել էր Երևանի 43-ամյա մի բնակչուհի:
Դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց անհատ ձեռնարկատիրոջ դեղատանը և օժանդակ շինություններում: Ընդհանուր առմամբ հայտնաբերվեց հոգեմետ 155 հաբ, որոնցից 44-ը` զիպ տոպրակներում:
43-ամյա կինը ձերբակալվել, սեպտեմբերի 18-ին կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում