ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս մնում է չլուծված, հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանըշ Լին Թրեյսին՝ ընդգծելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի:
«Մենք շարունակում ենք կարծել, որ տևական լարվածության հիմքում գտնվող և 2020 թ. ռազմական գործողություններին հանգեցրած խնդիրները պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով ու համապարփակ լուծմամբ՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և ուժի չկիրառման միջազգայնորեն ճանաչված սկզբունքները», - հայտարարել է նա
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում:
Թրեյսիի խոսքով, ԱՄՆ-ն խրախուսում է շարունակել խաղաղության բանակցությունները և պատրաստ է ներգրավվել երկկողմ ձևաչափով և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կարելի է վերականգնել Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունների գործընթացը՝ նկատի ունենալով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը Մինսկի խմբի գործունեության առնչությամբ՝ Թրեյսին ընդգծել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի:
«Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել խաղաղ, ժողովրդավար և բարեկեցիկ ապագայի կերտմանը Հարավային Կովկասում: Սա նաև ներառում է ուղիղ կապի գործող մեխանիզմների օգտագործումը՝ գտնելու համապարփակ լուծումներ բոլոր չկարգավորված խնդիրներին և նորմալացնելու հարաբերությունները՝ խաղաղության համապարփակ համաձայնագրի ստորագրմամբ», - ասել է նա:
Թրեյսին ավելացրել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի այս ջանքերին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում՝ տևական և համապարփակ խաղաղության հարցում այդ երկրներին օգնելու նպատակով:
Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Միացյալ Նահանգները Արցախի բնիկ ժողովրդի կենսական և հիմնարար իրավունքները պաշտպանելու համար՝ դեսպանը նշել է, որ տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագայի համար առանցքային է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերի բանակցային, համապարփակ ևկայուն կարգավորումը:
«Ժողովուրդների ինքնորոշման իրավունքն առանցքային գործոն է, սակայն այս նպատակին հասնելու համար միակ միջազգայնորեն ճանաչված սկզբունքը չէ, իսկ հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում», - հայտարարել է նա:
Դեսպանը մտահոգություն է հայտնել այնպիսի գործողությունների կապակցությամբ, ինչպիսիք են վերջին շրջանում գրանցված գազամատակարարման խաթարումները և ադրբեջանական զորքերի տեղաշարժերը շփման գծի հատվածում:
«Ապրիլի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցում պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդգծեց տարածաշրջանում իրավիճակի հետագա սրումից խուսափելու կարևորությունը: Իրավիճակն ապաէսկալացնելու համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ուղիղ հաղորդակցության միջոցներ կիրառեն», - ասել է նա:-0-