ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իսպանիայում բժիշկներին հաջողվել է փրկեկ բրիտանացի զբոսաշրջիկ կնոջ կյանքը, ում սիրտը վեց ժամով կանգ էր առել Պիրենեյներ բարձրանալիս։ Այս մասին հայտնել է «Ինտերֆակսը»` հղում անելով BBC News-ին։
Загружается новость ... "Лево"
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերին Կատալոնիայում, երբ 34-ամյա Օդրի Շումենը (Audrey Schoeman) իր ամուսնու՝ Ռոհանի հետ, սարն են բարձրացել և ձնաբուքի մեջ ընկել։ Ջերմիջեցման պատճառով կնոջ մոտ սկզբում խոսքային և շարժական խնդիրներ են առաջացել, հետո նա կորցրել է գիտակցությունը։ Երբ երկու ժամ հետո ամուսինների մոտ ժամանել են փրկարարները, Ռոհանը մտածել է, որ իր կինն արդեն մահացել է։ Այդ պահին Օդրի Շումենը չէր շնչում, սրտի զարկեր չկային և զարկերակը չէր զգացվում։
Բրիտանուհու մարմնի ջերմաստիճանն իջել էր մինչև 18 աստիճան։ Նրան տեղափոխել են Բարսելոնայի հիվանդանոցներից մեկը։ Այնտեղ բժիշկները հատուկ սարքավորում են օգտագործել, որպեսզի կնոջ մարմնից դուրս բերեն արյան մի մասը, հագեցնեն այն թթվածնով և հետ ներարկեն հիվանդի օրգանիզմ։ Այդ ժամանակ կնոջ մարմնի ջերմությունը բարձրացել է մինչև 30 աստիճան, բժիշկները դեֆիբրիլյատոր են օգտագործել նրա սիրտը աշխատացնելու համար։
Բուժող բժիշկ Էդուարդ Արգուդոն (Eduard Argudo) բացատրել է, որ սարերում ցածր ջերմաստիճանն օգնել է պահպանել կնոջ ուղեղն ու մարմինը՝ թույլ չտալով քայքայվել, քանի դեռ նրա սիրտը չի զարկել։ Բժշկի խոսքերով, եթե նրա մարմնի ջերմաստիճանը սովորական լիներ, կինը վաղուց արդեն մահացած կլիներ։ Արգուդոյի խոսքերով այս դեպքն Իսպանիայի տարածքում արձանագրված ամենաերկար սրտի կանգն է։
Պատահարից 12 օր անց բրիտանուհուն դուրս են գրել հիվանդանոցից։ Նրա ձեռքերը ցրտահարումից մասնակի կորցրել են շարժունակությունը և զգայունությունը։ Չնայած դրան, Շումենը չի ցանկանում հրաժարվել լեռնագնացությունից և պատրաստվում է հաջորդ տարվա գարնանը նոր բարձրունքներ նվաճել։-0-