ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը մտադիր է մասնակցել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին:
Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը:
Արթուրի խոսքով՝ ճանապարհը շատ դժվար էր ու երկար:Սակայն, ի շնորհիվ մարզիչների, կարողացան հաղթահարել ամեն տեսակ դժվարություն:
«Մեծ սպասելիքներով էինք գնացել Տոկիո: Շնորհակալ եմ ամենքից, ով սպասում էր և օգնում մեզ այս ճանապարհին: Որակավորման փուլում լավ հանդես եկա, և երկար էր եզրափակիչին սպասումը: Պետք է սպասեինք 8 օր: Ուրախ եմ, որ լարվածությունը հաղթահարեցինք և մեդալով վերադարձանք հայրենիք»,- ասաց նա:
Արթուր Դավթյանն իր խոսքում շեշտեց, որ միանշանակ մարզվելու է և պատրաստվելու է Փարիզի Օլիմպիական խաղերին: Հիմա վնասվածքներ ունի, որոնք պետք է բուժի:
«Վնասվածքի պատճառով չեմ մասնակցի աշխարհի առաջնությանը: Ձգտելու եմ, որ Փարիզի Օլիմպիական խաղերում փոխեմ մեդալիս գույնը: Լիահույս եմ, որ այդ ժամանակ մենք ոչ թե Վրաստան կգնանք հավաքների, այլ մեր երկրում կանցկացնենք»,-ասաց նա:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն իր հերթին նշեց, որ Օլիմպիական խաղերի ավարտից հետո և բրոնզե մեդալի ոգևորության ֆոնին ժամանակն է առանձնակի մեծ ուշադրություն հատկացնել մարմնամարզության և դահլիճային աշխատանքներին:
«Մենք մեդալի համար էինք գնացել: Գիտեինք, որ Արթուրը ոսկե մեդալի էլ է արժանի: Պատրաստ էինք անգամ օլիմպիական ոսկե մեդալ նվաճելուն: Հավատում էինք, սակայն շատերը չէին հավատում, որ այս պայմաններով կարելի է մեդալ բերել: Հիմա բոլոր մարմնամարզիկները մեծ ոգևորությամբ այլ մրցաշարերի կմասնակցեն»,- ասաց Սերոբյանը:
Վերջինս շեշտեց, որ եթե նորմալ պայմաններ լինեն, ամեն ինչ այլ կլինի:
«Մեզ միջազգային նորմերին համապատասխան դահլիճ է պետք: Ամեն մրցաշարից մեդալ ունեինք, հիմա նաև Օլիմպիական խաղերից ունենք: Ժամանակն է, որ խոսեմ այս մասին: Մարզադահլիճի կարիք ունենք: Եվ, ինչու ոչ, թող այն կոչվի Արթուր Դավթյանի անունով»,- ասաց նա:
Հակոբ Սերոբյան խոսքով` Դավթյանը խաղերից առաջ վնասվածք ուներ, բայց չէր բարձրաձայնում, քանի որ պետք է ապացուցեր, որ ինքը լավագույններից մեկն է, և այդպես էլ կա: -0-