ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ նոյեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 18։20-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Լիճք գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և նրանց թողնելով անօգնական՝ դիմել փախուստի։
Վրաերթի ենթարկվածներից տարեց կինը տեղում մահացել է, իսկ 8-9 տարեկան երեխան տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։
Загружается новость ... "Лево"
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Լիճք գյուղի բնակիչ 66-ամյա Սոնիկ Սայադյանն է, իսկ հիվանդանոց տեղափոխվածը նրա եղբոր տղան է։
Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի, վիրավորի և վրաերթը կատարած ու փախուստի դիմած վարորդի ամբողջական տվյալները պարզելու և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։–0–