ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ավիատոմսերի վաճառքի ռուսաստանյան որոշ կայքեր այս օրերին սկսել են առաջարկել ս/թ․ օգոստոսի 1-ից ՌԴ տարբեր քաղաքներից դեպի Հայաստան կանոնավոր չվերթների տոմսեր, մինչդեռ, որ երկու պետությունների միջև կանոնավոր ավիափոխադրման վերսկսման գործընթացը դեռևս ավարտված չէ, իսկ չվերթների վերսկսման ժամկետները քննարկման փուլում են։ Այս մասին ասվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության Facebook-յան էջում։
«Ելնելով նշվածից՝ խորհուրդ ենք տալիս Հայաստան մեկնել ցանկացող քաղաքացիներին ավիատոմսեր ձեռք բերելու հարցում առաջնորդվել միայն չվերթների վերականգնման մասին պաշտոնական տեղեկատվությամբ՝ այլևայլ խնդիրներից խուսափելու նպատակով»,- ասվում է գրառման մեջ։
Загружается новость ... "Лево"
Դեսպանությունը նշել է, որ կանոնավոր չվերթերի վերականգնման ժամկետների հստակեցման վերաբերյալ տեղեկատվություն ստանալուն պես իրենք կհայտնեն, միաժամանակ ընդգծելով, որ առաջիկայում դեռևս շարունակվելու են իրականացվել չարտերային չվերթները։ Դրանց ժամանակցույցը մշտապես հրապարակվում են դեսպանության սոցիալական ցանցերի էջերում։
«Հիշեցնենք, որ ՀՀ-ում գործող արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում պահպանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ չհանդիսացող, ինչպես նաև ՀՀ տարածքում օրինական հիմքով բնակվելու իրավունք չունեցող անձանց արգելքը երկիր մուտք գործելու հարցում»,- ասվում է գրառման մեջ։
Նշվում է նաև, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար քաղաքացիները դեռևս չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից: Վերին Լարսի անցակետը շարունակում է բաց մնալ բացառապես բեռնափոխադրումների համար։-0-