ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Սլովենիան դարձել է կորոնավիրուսը հաղթահարած առաջին Եվրոպական երկիրը։ Երկրի կառավարությունը, հինգշաբթի երեկոյան, պաշտոնապես հայտարարել է կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին, տեղեկացնում է «Reuters»-ը:
Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ 2 մլն բնակչությամբ երկրում երկու շաբաթ շարունակ ամեն օր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7-ից քիչ դեպք:
«Այսօր Սլովենիան լավագույն համաճարակային պատկերն ունի Եվրոպայում»,-հայտարարել է երկրի վարչապետ Յանեզ Յանշան:
Загружается новость ... "Лево"
Եվրոպական Միության այլ երկրներից Սլովենիա եկող մարդիկ այլևս պարտավոր չեն լինի մեկուսանալ նվազագույնը 7 օրով, ինչպես դա արվում էր ապրիլին: Միաժամանակ կառավարությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի ախտանիշներ ունեցող արտասահմանցիներին նախկինի պես թույլ չի տրվի մուտք գործել երկիր: Նվազագույնը 14-օրյա կարանտինը ուժի մեջ կմնա երկիր մուտք գործող ԵՄ անդամ չհանդիսացող պետությունների քաղաքացիների համար` բացառությամբ դիվանագետների և բեռնափոխադրումներով զբաղվող անձանց:
«Քաղաքացիները առաջվա պես պետք է շարունակեն հետևել հիմնական կանոններին` վարակի տարածումը չեզոքացնելու համար»,-հայտարարել է կառավարությունը:
Համաճարակի ավարտը նշանակում է, որ որոշ քայլեր՝ ներառյալ քաղաքացիներին և կազմակերպություններին տրվող ֆինանսական օգնությունը ավարտվում է մայիս ամսվա վերջին:
Համաճարակի սկզբից Սլովենիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1464 դեպք՝ 103-ը մահվան ելքով:-0-