ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 18-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժնում անչափահասների գործերով բաժանմունքում ավագ տեսուչը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ անհայտ անձը Արարատ քաղաքի դպրոցներից մեկում աշակերտուհուն թմրամիջոց է հյուրասիրել:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, տեղեկությունը ճշտելու համար ոստիկանների կողմից մշակվում է օպերատիվ պլան: Մարզի ոստիկանապետի որոշմամբ ստեղծվում է օպերատիվ խումբ:
Պարզվում է, որ ավագ տեսուչի ստացած տեղեկությունը հավաստի է, ոստիկանները նշված արարքը կատարելու կասկածանքով Արարատ քաղաքում հայտնաբերում են կասկածյալին և բերման ենթարկում:
Պարզվում է նար, որ նա Արարատ քաղաքի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփի բույսից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել, ասելով` «Եթե դա օգտագործես, քո համար ամեն ինչ լավ կլինի, քեզ լավ կզգաս, գիտելիքներիդ առաջադիմությունը կբարձրանա»:
Բարեբախտաբար երեխան չի օգտագործել այդ ամենը, նրա մայրը այն ներկայացրել է ոստիկաններին: Պարզվել է, որ այնտեղ եղել է կանեփի բույսից պատրաստված ընդհանուր 3.9 գրամ թմրամիջոց:
Կայքի տեղեկություններով՝ ձերբակալվածն Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ա․ Պ.-ն է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում