ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են պայմանագրային զինծառայողի կողմից կնոջ ծնողների տանը կից հողամասի ուղղությամբ նռնակ նետելու և պայթեցնելու դեպքի հանգամանքները, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:
«Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերի 26-ին` ժամը 23:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը, գնալով կնոջ ծնողների՝ Սևան քաղաքի Խաչերի փողոցում գտնվող տուն, ընտանիքի անդամների ներկայությամբ, իր կողմից հափշտակված, ապօրինի կերպով պահվող և փոխադրված նռնակի գործադրմամբ, հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ է հնչեցրել կնոջ հոր հասցեին, որից հետո նռնակը նետելով հիշյալ տանը կից հողամասի ուղղությամբ՝ պայթեցրել է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Բացի այդ, հիշյալ պայմանագրային զինծառայողը 2015 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի վերին սահմանային մարտական դիրքերից մեկից գտել, այնուհետև ապօրինի կերպով փոխադրել և պահել է ռազմամթերք հանդիսացող «Ֆ1» տեսակի նռնակ, որը 2020 թվականի դեկտեմբերի 19-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Սևան քաղաքի Բաբաջանյան փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարանի պատշգամբից նետելով՝ պայթեցրել է:
Վերջինս կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում