+20
Եղանակը Երևանում
Հայ

Վ. Խոտինենկո. Հայաստանը զարմանալի, հրաշքներով լի երկիր է

15:14
06 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./Նովոստի–Արմենիա/ Ապրիլի 1-5- ը «ՎԳԻԿ օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակում ՎԳԻԿ-ի (Մոսկվայի Գերասիոմվի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ) 100-ամյա հոբելյանի առթիվ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը հյուրընկալեց Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի պատվիրակությանը` ռեկտոր Վլադիմիր Մալիշևի գլխավորությամբ:

Պատվիրակության կազմում էին նաև կինոգետ, մշակութաբան, արվեստագիտության դոկտոր, Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների գիլդիայի նախագահ, «Կուլտուրա» հեռուստաալիքով հեռարձակվող «Կուլտ կինո» հաղորդման հեղինակ և վարող Կիրիլ Ռազլոգովը, կինոռեժիսոր, ՌԴ ժողովրդական արտիստ Վլադիմիր Խոտինենկոն, կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան, ՌԽՖՍՀ Արվեստի վաստակավոր գործիչ, ՌԽՖՍՀ Ժողովրդական արտիստ, oսկարակիր Վլադիմիր Մենշովը, ռուս հայտնի նկարիչ, Ռուսաստանի նկարիչների ակադեմիայի պատվավոր անդամ Վալերի Արխիպովը, դեկաններ, դասախոսներ:

Հայաստանից ստացած տպավորությունների, ժամանակակից կինոարդյունաբերության և դրա զարգացման հնարավորությունների մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է կինոռեժիսոր, ՌԴ ժողովրդական արտիստ Վլադիմիր Խոտինենկոն։

«Նովոստի–Արմենիա». Բարի գալուստ Հայաստան, պարոն Խոտինենկո: Խնդրում եմ կիսվեք Ձեր տպավորություններով։

Վ. Խոտինենկո. Զարմանալի երկիր է Հայաստանը: Երեկ ես Գեղարդի վանքում էի և ապշած եմ: Ինչպիսի վարպետություն և տաղանդ պետք է ունենա մարդը, նման ճարտարապետական գլուխգործոց արարելու համար: Դա հրաշք է: Իսկ բնությունը, աննկարագրելի է, ծաղկած ծիրանենիները, արևը և իհարկե, մեր առջև բացվող Արարատ լեռան տեսարանը: Ես հիացած եմ:

«Նովոստի–Արմենիա». Դուք շատ ֆիլմեր եք նկարել. Ի՞նչ է կատարվում Ձեր հոգում, երբ ավարտում եք նկարահանումն ու հանձնում հանդիսատեսին, արդյոք գո՞հ եք վերջնական արդյունքից և հաջողվո՞ւմ է ստանալ այն, ինչ նախատեսել էիք։

Վ. Խոտինենկո. Բավարարվածության զգացողություն ինձ մոտ միայն մեկ անգամ է եղել, երբ ես նկարեցի «Зеркало для героя»(1987թ.) ֆիլմը: Դրա մասին դու երբեք չես մտածում, ուղղակի մտածում ես, որ չստացվեց այն, ինչ ուզում էիր: Ես ունեմ մի արտահայտություն, որը հաճախ եմ կրկնում. «Կինոն կորստի արվեստ է» (“Кино это искусство потерии ”)։

«Նովոստի–Արմենիա». Ձեր կարծիքով, ինչպե՞ս է զարգանում ժամանակակից կինոն, և արդյոք այն դեռ կենդանի՞ է:

Վ. Խոտինենկո. Կինոն արվեստի տեսակներից միակն է, որը դեռ շարունակում է զարգանալ: Արվեստի մյուս տեսակները վաղուց արդեն հասել են իրենց բարձրակետին, իսկ կինոն անընդհատ զարգանում է`համընթաց տեխնիկական միջոցների զարգացմանը: Տեխնիկական հնարավորությունները օր օրի փոխվում են, ինչն էլ նպաստում է կինոարվեստի զարգացմանը, քանի որ կինոարվեստն անմիջականորեն կապված է տեխնիկական առաջընթացի հետ: Այսօր փոխվել է ֆիլմի ցուցադրման և դիտման ձևը, կարելի է բջջայինով ֆիլմ նկարել, տեղադրել Youtube–ում և ստանալ մրցանակներ:

«Նովոստի–Արմենիա». Ի՞նչ հատկանիշներ են պետք լավ ռեժիսոր դառնալու համար:

Վ. Խոտինենկո. Գիտեք դա շատ բարդ հարց է: Քննությունների ժամանակ մենք փորձում ենք հասկանալ՝ տաղանդավոր է այդ երիտասարդը, թե ոչ: Լինում են դեպքերը, երբ շատ տաղանդավոր ռեժիսորը կրթված չէ, և ստեղծվում է տպավորություն, որ ինչ-որ բան կիսատ է: Ինձ համար առաջնահերթը կրթվածությունն է, պետք է շատ կարդալ, դիտել լավ ֆիլմեր: Իմ կարծիքով, ռեժիսորի ամենագլխավոր հատկանիշը համբերությունն է: Այն օգնում է պրոցեսի ժամանակ ճիշտ կողմնորոշվել և կայացնել ճիշտ որոշումներ: -0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:33
14 Մարտի 2019
Սրբուկը` ստեղծագործելու, բաղձալի երազանքի և «Եվրատեսիլի» ելույթի մասին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ, ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
Հայաստանը «Եվրատեսիլ 2019»–ում ներկայացնող երգչուհի Սրբուկը բլից հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։