ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Masdar» ապագա էներգետիկայի կազմակերպությունը` Աբու Դաբիից, մտադիր է խորությամբ ուսումնասիրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի ունեցած հնարավորությունները, որտեղ արևային և հողմային էներգիայի զարգացման առումով երկիրն ունի զգալի ներուժ։
Ինչպես նշվում է «Նովոստի–Արմենիա» գործակալություն ստացված մամուլի հաղորդագրության մեջ, «Masdar»–ի գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահին և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանն ուրբաթ ստորագրեցին համաձայնագիր՝ արևային ֆոտովոլտային (200մՎ), հողմային (200մՎ) և լողացող արևային էներգիայի ոլորտներում (100մՎ) արդյունավետ համագործակցության նպատակով։
Դիմելով կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին, բիզնես ոլորտի և մամուլի ներկայացուցիչներին՝ Ալ Ռամահին նշել է. «Մեծ պատիվ է լինել հինավուրց քաղաք Երևանում և քննարկել ինչպես Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտի խոստումնալից ապագան, այնպես էլ ֆորմալ կապեր հաստատել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի հետ»։
«Որպես Եվրասիական տնտեսական միության ամենաարագ աճող տնտեսությունն ունեցող երկիր և աստիճանաբար ունենալով ավելի բաց և բարենպաստ կարգավորող միջավայր՝ Հայաստանը խոստումնալից է թե՛ արևային և թե՛ հողմային էներգիայում ներդրումներ իրականացնելու համար», – ասել է նա։
Ալ Ռամահին նաև ընդգծել է, որ «Masdar»–ը, հանդիսանալով Աբու Դաբիի և «Մուբադալա» Ներդրումային Ընկերության վերականգնվող էներգետիկայի մաս, ուրախ է առավել զարգացնել Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև կապերը և իր հյուրընկալների հետ կիսվել ամբողջ աշխարհում վերականգնվող էներգետիկայի ոլորտում ծրագրերի իրականացման իր 13 տարվա փորձով։
«Ուրախ ենք սատարել Հայաստանին իր կայուն տնտեսական զարգացման նպատակներին հասնելու գործում», – նշել է «Masdar»–ի ղեկավարը։
Փափազյանն իր հերթին նշել է, որ այս Համաձայնագիրը ԱՄԷ և ՀՀ կառավարությունների միջև ստորագրվելիք համաձայնագրերից առաջինն է։
«Պարոն Ալ Ռամահին և իր թիմը մեր հյուրերը չեն, քանի որ իրենց և ԱՄԷ պետնախարար Նորին Գերազանցություն Ահմադ Ալ Սայեղին մենք տալիս ենք իրենց տանից հեռու տուն Հայաստանում», – հայտարարել է Փափազյանը։
Նա ավելացրել է, որ հունվար ամսին հարաբերությունների վերահաստատումից հետո խորհրդանշական է այն, որ առաջին երկկողմ ներդրումային համաձայնագիրը կողմից ստորագրվում է հենց վերականգնվող էներգետիկայի ոլորտում։
«Չնայած նրան, որ երկրներն ունեն երկար տարիների դիվանագիտական հարաբերություններ, Հայաստանի նոր կառավարությունը նպատակ ունի էլ՛ ավելի խորացնելու այդ կապերը ԱՄԷ-ի մեր գործընկերների հետ։ Այս համաձայնագիրը հավաստում է երկուստեք պատրաստակամությունը՝ վերոնշյալ նպատակներն իրագործելու հարցում», – նշել է հիմնադրամի տնօրենը։
Փափազյանի խոսքով, Հայաստանն արդեն իսկ բավական հզոր հիդրոէլեկտրական էներգիա արտադրող պետություն է, և նրա ավելի քան 200 գետեր և լճեր հարմար են լողացող արևային կայանների ծրագրերի համար։
«Ունենալով վայրկյանում 8.5մ և ավել քամու արագություն՝ Հայաստանը շատ բարենպաստ է նաև հողմային ֆերմայի կառուցման համար, քանի որ երկիրը ստանում է մոտ 1,720կՎտ/ժ արևային էներգիա մեկ քառակուսի մետրի համար, ի տարբերություն Եվրոպայի՝ մեկ քառակուսի մետրի համար միջինում 1000կՎտ/ժ էներգիայի», – տեղեկացրել է նա։
2010 թվականից հանդիսանալով Աբու Դաբիի միջազգային վերականգնվող էներգիայի գործակալության լիիրավ անդամ՝ Հայաստանը մինչ 2025թ. նպատակ է հետապնդում իր տեղական էներգիայի մեկ քառորդից ավել (26%) պահանջները բավարարել վերականգնվող էներգիայի միջոցով։
Հունվար ամսին իր ԱՄԷ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ Նախագահ Նորին Գերազանցություն պարոն Արմեն Սարգսյանն ընդգծել է Հայաստանի էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման նպատակը և ելույթ է ունեցել «Աբու Դաբիի կայունության շաբաթ 2019»-ի ընթացքում, որը հանդիսանում է կայունությանն առնչվող աշխարհում ամենամասշտաբային համաժողովը։
«Masdar»–ը, հանդիսանալով Աբու Դաբիի վերականգնվող էներգետիկայի ընկերություն, զբաղվում է վերականգնվող էներգիայի առևտրայնացմամբ և տեղակայմամբ, կայուն քաղաքաշինությամբ և մաքուր տեխնոլոգիաներով` գլոբալ կայունության մարտահրավերների լուծման նպատակով: Մուբադալա Ներդրումային Ընկերությանը ամբողջապես պատկանող՝ Աբու Դաբիի կառավարության ռազմավարական ներդրումային ընկերություն՝ «Masdar»–ի գործունեությունն ուղղված է օգնելու ԱՄԷ-ի ղեկավարությանը գլոբալ էներգետիկ ոլորտում` աջակցելով ինչպես տնտեսության, այնպես էլ էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացմանը՝ ի օգուտ ապագա սերունդների: «Masdar»–ը վերականգնվող էներգետիկայի ծրագրեր է իրականացնում ԱՄԷ-ում, Հորդանանում, Մավրիտանիայում, Եգիպտոսում, Մարոկկոյում, Մեծ Բրիտանիայում, Սերբիայում և Իսպանիայում։
«Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդը» (կրճատ՝ ԱՆԻՖ) ՀՀ կառավարության ներքո գործող օտարերկրյա ուղղակի ներդրումային ֆոնդ է, որը մեծամասշտաբ ծրագրերի շրջանակներում համաներդրումներ է իրականացնում գլոբալ ներդրողների և ոլորտային գործընկերների հետ։ ԱՆԻՖ-ի գործունեության նպատակն է՝ հանդիսանալ որպես ակտիվ ներդրող և գործընկեր՝ ենթակառուցվածքներում և տնտեսության կարևորագույն ոլորտներում ներդրումներ գեներացնելու և դյուրացնելու նպատակով։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում